(սկիզբը` այստեղ)
ԼԵԶՈՒՆ ՈՐՊԵՍ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ
Հայտնի է, որ «Նարեկ»-ը օժտված է բուժիչ հատկություններով: Նրա ընթերցանությունը բարերար է ազդում ոչ միայն հայի, այլև այլազգի հիվանդների վրա, որոնք նարեկաբուժության արդյունքում ապաքինվում են: Այսինքն, կարևորը ոչ միայն Նարեկացու «Մատյան»-ի բառերի իմաստն է, այլև նրանում ամփոփված տիեզերական տեղեկույթը, որը շրջապատին է փոխանցվում ընթերցանության ժամանակ առաջացող ձայնային տատանումների` վիբրացիաների ձևով: Այդ տատանումները հանճարեղ հեղինակները, տվյալ դեպքում` Նարեկացին, ստեղծագործական ներշնչանքի պահին ստանում են Տիեզերքից, հանձնում են թղթին, հետո ընթերցողին: Այստեղից հետևում է, որ լեզուն տիեզերական երևույթ է: Իհարկե, որոշ լեզուների պարագայում կարելի է բանավիճել: Օրինակ, էսպերանտոն արհեստական, մտացածին լեզու է: Իսկ հայերենը, անկասկած, տիեզերական ծագմամբ լեզուների շարքում է: Այդ մասին վկայում են նաև օտարները:
Տարիներ առաջ ճապոնացի մի գիտնական, մաթեմատիկական մոդելավորման միջոցով ցանկանալով ապացուցել լեզուների առաջացման տիեզերական բնույթը, ի թիվս մի քանի հին լեզուների (սանսկրիտ, հին չինարեն, լատիներեն, եբրայերեն և այլն)` ուսումնասիրում է նաև գրաբարը: Ականատեսները վկայում են, որ դասերի ընթացքում` գրաբարի քերականական օրինաչափություններն ուսումնասիրելիս, նա ժամանակ առ ժամանակ ոգևորված բացականչում էր. «Սա իսկապես աստվածային լեզու է»: Մենք դա գիտակցո՞ւմ ենք, թե՞ չէ, այլ խնդիր է:
Ամերիկացի լեզվաբան Ա. Հոմսկին պնդում է, որ բոլոր լեզուներն ունեն մեկ ընդհանուր արմատ, քանի որ նրանց քերականություններն իրենց հիմքում ունիվերսալ են: Լուրջ գիտնականների մի խումբ պնդում է, որ հնդեվրոպական մայր լեզվաընտանիքի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: 2002 թ. հրատարակվեց աշխարհահռչակ գիտնական, լեզվաբան Մերիթ Ռուհլինի «Լեզուների ծնունդը» գիրքը, որտեղ հեղինակը համաշխարհային գենետիկական տասից ավելի լաբորատորիաների, այդ թվում` ՆԱՍԱ-ի, ուսումնասիրությունների հիման վրա մանրամասն քննարկում է հնդեվրոպական մայր լեզվի նախահայրենիքի հարցը: Այդ ուսումնասիրությունները բացահայտ վկայում են, որ Փոքր Ասիայի (Հայկական լեռնաշխարհի) հնագույն հողագործ բնակիչների գենն է, որ արտագաղթել է Եվրոպա և կրել փոփոխություն: Ժամանակակից այլ հետազոտություններով ևս ապացուցվել է, որ հնդեվրոպական լեզվաընտանիքի բնօրրանը Հայկական բարձրավանդակն է: Հնդեվրոպական լեզվաընտանիքի գծագրում (ծառում) հայերենը միակն է, որ արմատից առանձնանում է և չի ճյուղավորվում:
Վերոնշյալ հետազոտություններն ապացուցում են, որ նույն հիմքից ծագած և հետագայում արմատապես փոխված լեզուների ազդեցությամբ սերնդեսերունդ փոխված գեներից առաջացել են տարբեր ազգեր: Հետևաբար, ազգային առանձնահատկության չափանիշը լեզուն ու լեզվամտածողությունն է, այսինքն` վերջինս ազգի տեսակի ձևավորման հիմնական գործոնն է: Գենափոխության-ազգափոխության այդ ժամանակահատվածը, ըստ գիտական աղբյուրների, կախված միջավայրից` տևում է 3-4 սերունդ: Եթե լեզվամտածողությունը փոխվում է առնվազն 6 սերունդ հետո, ապա 7-րդում գենը փոխվում է ամբողջությամբ, և մարդը դառնում է տվյալ լեզվամտածողությամբ ազգի լիարժեք ներկայացուցիչ: Իսկ ազգի ֆենոտիպային, այսինքն` արտաքին հատկանիշները փոխվում են արդեն խառնամուսնությունների արդյունքում: Պատմաբանները հավաստում են, որ Հարավարևմտյան Ասիայի ժողովուրդների մոտ հազարամյակներ շարունակ մայրենի լեզուն ազգորոշման և ազգապահպանման վճռական և միակ գործոնն է եղել: Շումերները մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին սկսեցին խոսել աքքադերեն, որը դարձավ նրանց մայրենի լեզուն, ու միայն դա բավական էր, որ նրանք դառնան աքքադացի: Աքքադացիներն էլ մ.թ.ա. 7-6-րդ դարերում թողեցին աքքադերենը, սկսեցին խոսել արամերեն, որը դարձավ նրանց մայրենի լեզուն, և հենց միայն դրանով աքքադացիները դարձան արամեացի (ասորի): Այդպես էլ էլամցիները պարսկախոս դառնալով` դարձան պարսիկ, փյունիկցիները արաբախոս դառնալով` դարձան արաբ և այլն: Այսպիսի շատ օրինակներ կան: Գիտենք նաև, որ շատ ու շատ հայեր էլ, հայերենն իբրև մայրենի լեզու թողնելով և այլախոս դառնալով, դադարել են հայ լինելուց, դարձել են այլազգի: Այսպես են ուծացվել (ասիմիլյացվել) հայկական համայնքի ներկայացուցիչները աշխարհի տարբեր երկրներում և կազգափոխվեն նաև Հայաստանում, եթե չկանխվեն հայի գլխին փաթաթվող օտարալեզու լեզվամտածողության կործանարար ծրագրերը:
ՈՒՂԵՂԻ ԵՎ ԼԵԶՎԻ ԿԱՊԸ
Բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել պարզելու համար մարդու լեզվական ունակությունների և ուղեղի կապը: Բացահայտվել են ուղեղի այն կենտրոնները, որոնք առնչվում են մարդու խոսքային հիշողության և խոսելու կարողության հետ: Հայտնի է, որ խոսքընկալման ժամանակ լսողության և ուղեղի կիսագնդերի կապը խաչաձև է` աջ ականջի ազդանշանները հասնում են ձախ կիսագնդին, ձախինը` աջին: ՈՒղեղի միջկիսագնդային անհամաչափության (ասիմետրիա) այդ բացահայտումը պարզեց, որ ուղեղի կիսագնդերը ոչ միանման մասնակցություն ունեն խոսքի, տրամաբանված մտածողության, հույզերի կարգավորման հարցում և որոշակիորեն տարբերվում են տարբեր ազգերի ներկայացուցիչների մոտ: Որոշ ուսումնասիրություններ են կատարվել նաև մայրենի լեզվի և գլխուղեղի գործունեության կապը բացահայտելու համար: Ճապոնացիների և եվրոպացիների շրջանում կատարած հետազոտությունների և դրանց համեմատական վերլուծության հիման վրա ճապոնացի գիտնական Թադանոբու Ցունոդան հանգել է այն եզրակացության, որ ճապոներենը որպես մայրենի լեզու օգտագործող ճապոնացիների և օտարալեզու ճապոնացիների գլխուղեղի կիսագնդերի անհամաչափությունը տարբեր է: Այսինքն` օտարալեզու մտածողությունը փոխում է ուղեղի ֆունկցիոնալ կառուցվածքը:
Դեռևս նախկինում արված դիտարկումները ցույց են տվել, որ ուրիշ լեզուն որպես մայրենի լեզու ունեցող անհատների աչքերի, դեմքի արտահայտությունը փոխվում է այդ ժողովրդի ազգային լեզվով խոսող ու մտածող մարդկանց համեմատ: Հիշյալ անհատները հաճախ զուրկ են լինում իրենց ժողովրդին հատուկ մի շարք ընդհանուր հոգեբանական առանձնահատկություններից, փոխվում են նրանց արտաքինը, շարժուձևը: Թ. Ցունոդայի փորձերը ցույց են տալիս, որ դա իր ֆիզիոլոգիական հիմքն ունի. քանի որ մայրենի լեզուն պայմանավորում է գլխուղեղի որոշակի հատվածների ֆունկցիոնալ առանձնահատկությունները, բնականաբար, դա իր արտահայտությունն է ունենում մարդու ազգային կեցվածքի, ավելի ճիշտ մտակեցվածքի` մենթալիտետի վրա:
Սա նույնպես ապացույցն է այն բանի, որ լեզուն է ազգի գոյության հիմնական երաշխավորը: Աշխարհի տարբեր վայրերում բնակվող հարյուր հազարավոր հայեր, որոնք թողեցին հայերենը որպես մայրենի լեզու, և այլ լեզու դարձավ նրանց մայրենին, դարձան տվյալ լեզվով խոսող ժողովրդի ներկայացուցիչ` հունգարացի, լեհ, ռումինացի, ռուս և այլն: Սա և շատ այլ փաստեր ցույց են տալիս, որ հայության գոյության առանցքը հայոց լեզուն է, որի վրա խարսխված են ազգային մյուս հոգևոր արժեքները:
Թ. Ցունոդայի փորձերը ցույց են տվել, որ երեխայի ծնված օրից մինչև 10-12 տարեկան հասակը նրա մայրենի լեզվի հաստատման և ուղեղի մեջ կատարվող համապատասխան ձևավորման շրջանն է: Հետագայում գրեթե անհնար է ձևավորվածը փոխել: Երեխայի ընտանիքի, դպրոցի, մանկապարտեզի ու մսուրի լեզուն է, որ դառնում է նրա մայրենին: Ինֆորմացիայի ընկալումը, կուտակումը և պահպանումը մարդու ուղեղի բնականոն գործընթաց են: Կուտակված հիշողությունը հնարավորություն է տալիս ապահովելու զարգացում-առաջընթաց, հետևաբար, որքան մեծ է հիշողությունը, այնքան մեծ կարող են լինել բանականությունը, առաջընթացը: Չխորանալով ուղեղի կառուցվածքի մանրամասների մեջ, հարկ է նշել միայն, որ վերջինիս տեղեկույթ (ինֆորմացիա) կրող բջիջներում` նեյրոններում, ուղեղի ձևավորման ընթացքում, գրավիտացիոն, իներցիոն, լուսային, ձայնային, հոտային, շոշափելիքի և այլ տեսակի արտաքին և ներքին ազդակներից ստացած բազմաբնույթ ինֆորմացիան պահպանվում և հիշվում է ամբողջ կյանքում, եթե, իհարկե, որևէ ներքին կամ արտաքին ազդակ (մեխանիկական, ֆիզիոլոգիական, էլեկտրամագնիսական և այլն) չի խախտում դրանց վիճակը, ինչի պատճառով ջնջվում, խանգարվում է այդ ինֆորմացիան (հիշողությունը): Մանկահասակ երեխայի ուղեղը, վերջինիս հետագա ձևավորման և զարգացման ընթացքում տարբեր տեսակի` լսողական, տեսողական, շոշափման, հոտի, էլեկտրամագնիսական, գրավիտացիոն, իներցիոն և այլ ազդակներով ստանում է ինֆորմացիա, որը պահպանվում է ուղեղի բջիջներում: Բացի լսողական ազդակից, մնացած բոլորը, փոքր տարբերությամբ, միատեսակ են ազդում տարբեր ազգությամբ մարդկանց ուղեղի վրա: Մեծ նշանակություն ունի ձայնային-լսողական, այսինքն` հնչյունային-խոսքային ազդակը, այլ կերպ ասած` լեզուն, որը ձևավորում է լեզվամտածողությունը: Ներկայումս հայտնի են ուղեղի այն բաժինները, որոնց առնչվում են մարդու խոսքային հիշողությունը, խոսելու կարողությունը, բառընտրությունը, խոսքընկալումը և այլն: Տարբեր լեզվամտածողությամբ մարդիկ տարբեր կերպ են ընկալում ձայնային-լսողական ինֆորմացիան, հետևաբար և տարբեր ձևով են ծրագրավորում և մշակում, բնականաբար նաև տարբեր ձևով վերարտադրում այն: Ի ծնե խուլ և համր մարդը ձայնային ազդակ չի ստանում, և հետևապես նրա մեջ չի ձևավորվում նորմալ լեզվամտածողություն, ինչպիսին կարող է ունենալ լսողություն ունեցողը, իսկ մասնակի լսողություն ունեցողի մեջ լեզվամտածողությունը թերի է ձևավորվում:
Մեր անցյալի ականավոր մտածողներից շատերը, Թ. Ցունոդայի և այլոց նմանատիպ հետազոտություններից դեռ շատ առաջ, հասկացել են մայրենի լեզվի դերը ազգապահպանման հարցում: Ահա նրանցից մի քանիսի մտորումները. «Մեր ազգի պահպանողն էլ լեզուն ա ու հավատը» (Խ. Աբովյան), «Ազգությունը ունի յուր հոգին, և այս հոգին լեզուն է: Առանց լեզվի չկա ազգ. սուտ բան է, առասպել սոսկ» (Մ. Նալբանդյան), «Քանի որ ազգ մը իր լեզուն կպահե, թեպետ և ուրիշ ամեն ազգային հատկություններն ալ կորսնցնե, ազգությունը չկորսնցներ, իսկ լեզուն մեկդի ձգելուն պես ազգությունն ալ խիստ շուտ կկորսվի» (Գ. Այվազովսկի), «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության և հեռավոր անցյալի խոշոր դրոշմը, պատմության հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին և հոգեբանությունը» (Հ. Թումանյան), «Լեզուն ազգային հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է երկրորդը» (Վ. Տերյան):
ԼԵԶՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Լեզուն անմիջական կապ ունի մտածողության հետ: Լավ գրում ու խոսում է նա, ով լավ է մտածում, ունի մտածողության մշակույթ: Արևելքում, եթե մարդը չի կարողանում վերահսկել իր խոսքը, համարվում է շատ պարզունակ (պրիմիտիվ), չնայած Արևմուտքում նա կարող է պրոֆեսոր լինել: Լեզվական անկարգությունն ազդում է մարդու բնավորության վրա` դառնալով սովորություն, տգեղացնելով նրա ներաշխարհը: Այդ մտահոգությամբ Գարեգին Նժդեհը գրում է. «Բավական չէ դեռ սեփական խոկում և խորհրդածություններ ունենալ: Պետք է վերջինները լինեն մաքուր, վեհ, արդար: Քանզի մեր նկարագիրն այլ բան չէ, եթե ոչ գումարը մեր մտածումների: Անհատի և ազգի ճակատագիրը բնորոշվում և դարբնվում է այդ մտածումներով…: Հսկի՛ր մտածումներիդ մաքրության և վսեմության վրա: Հաճախ «քաղհանի՛» ենթարկիր մտքերդ, զտի՛ր»:
Ռուս բանաստեղծ Սերգեյ Նարովչատովը «մտածումների մաքրության և վսեմության» ձևավորման գործում կարևոր տեղ է հատկացնում պոեզիային. «Պոեզիայի առաջին խնդիրը մարդկանց հոգին ազնվացնելն է, անկասկած, և ճշմարիտ պոեզիան կատարում է իր դերը»: Այդ դերի կարևորության գիտակցումով էր, որ նախկինում մեր հեռուստատեսային ծրագրերում իր ուրույն տեղն ուներ պոեզիայի ժամը, որին սիրով սպասում էինք: Այդ ծրագրերը, որոնց ժամանակ հնչում էին մեր մեծերի ստեղծագործությունները` Հրաչուհի Ջինանյանի, Սուսաննա Գաբրիելյանի, Սիրվարդ Մեսրոպյանի և այլոց ներկայացմամբ, ունկնդրին էին փոխանցում տիեզերական վիբրացիաները` թրթիռները, կրթելով և ազնվացնելով նրանց հոգիները: «Եթե ուզում եք, որ մարդիկ կիրթ, մարդավայել խոսեն, նրանց հոգին պիտի դաստիարակենք»,- գրում է Լ. Հախվերդյանը և հավելում. «Այն պատանին կամ աղջիկը, որ անգիր գիտե, հասկանալո՛վ գիտե Պետրոս Դուրյանի «Լճակը», Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» կամ Իսահակյանի «Քույր իմ նազելի» բանաստեղծությունները, գռեհիկ հոգի ունենալ չի կարող, ուստի և չի կարող կոպիտ ու գռեհիկ խոսել, չի կրող հայհոյել: Ճիշտ այդպես էլ վստահ եմ` նա, ով անգիր գիտե, հասկանալո՛վ գիտե Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծությունը, չի կարող հայրենասեր չլինել»: Կիրթ ու ազնիվ հոգով հայրենասեր մարդկանց առողջ հասարակություն. մի՞թե հենց դա չէ մեր երազած Հայաստանը:
Դիտարկումները ցույց են տվել, որ առավել հաջողակ են այն մարդիկ, ովքեր կարողանում են հսկել իրենց խոսքը: Դա վերաբերում է նաև երկրներին: Խոսքի բարձր մշակույթ ունեցող երկրները` Ճապոնիան, Գերմանիան, Անգլիան, ունեն նաև զարգացած տնտեսություն: Չնայած վերլուծաբանները պնդում են, թե հիմա այնտեղ ևս մշակույթի այլասերում է տեղի ունենում, որն ընդգրկում է նաև խոսքի մշակույթի դեգրադացիան` հետաճը: Դա անդրադառնում է նաև նրանց տնտեսության, բնակչության առողջության ու ընդհանուր հոգևոր ոլորտի վրա:
Այսպիսով, լեզուն ազգապահպանման հզոր գործոն է: Մաքուր գրական լեզուն կարող է բուժել հիվանդին, մաքրել հոգիները, իսկ աղավաղված խոսքն ու լեզուն ընդունակ են սասանելու նույնիսկ ազգի ժառանգական հիմքերն ու վտանգելու նրա ապագան: Անաղարտ լեզուն հարստացնում է մարդկանց ներաշխարհը, ազնվացնում է հոգիները, որոնք ձևավորում են ազգային ոգի, որի կայունությամբ և որակով են պայմանավորված տվյալ ժողովրդի կյանքի որակը և նրա հարատևությունը իր հայրենիքում: Չէ՞ որ Երկրագնդի ուղեղային կենտրոնում` նոոսֆերայում, հայ ժողովուրդը, ի թիվս հոգևոր այլ արժեքների, ներկայացված է նաև իր լեզվով, որի աղավաղումը սպառնում է այդ կենտրոնում մեր ներկայությանը, համաշխարհային գործընթացներին մեր մասնակցությանը, հետևաբար նաև մեր ֆիզիկական գոյությանը: ՈՒստի մեր օրերի հրամայականն է դարձել լեզվի էկոլոգիայի խնդիրներով զբաղվելու անհրաժեշտությունը: Դա պետք է գտնվի այդ հարցի պատասխանատուների ու հասարակության շահագրգիռ մարդկանց ամենօրյա ու հետևողական գործունեության հիմքում:
Մարիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կենսաբանական գիտությունների թեկնածու,
ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ գիտաշխատող, դոցենտ